Գէլն ու չօբանըն մէկ մեկու ռաստ եկան :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
62. 62.
բնագիր
 
թարգմանություն

Գէլն ու չօբանըն մէկ մեկու ռաստ եկան,
Չօբանն ասաց. «Յիս քու հալըն շանց կու տամ,
Թէ բարով կու գըցիմ չօմբախիս տակըն.
Աղուէսի պէս ցընկցընկալըն շանց կու տամ»:

Գէլն ասաց. «Մուլափ տամ` գեդինըն մըթնի,
ՈՒսուլով ման գուքամ, բինէդ կու գըթնիմ,
Քու շընիրու հաչոցէմէն չիմ խըրթնի,
Առուտէհան խէրն ու շառըն շանց կու տամ»:

Չօբանն ասաց. «Հէնց գիդիս ղուրթ քու՞ն ունիմ.
Մէ աչք ու ականջըս քու կըռնումն ունիմ.
Ամէն ղօչի գըլխին մէմէկ շուն ունիմ.
Ճըդիդ էրկըթէ կըրկալըն շանց կու տամ»:

Գէլն ասաց. «Վուր ամբըն վիր գայ ծըմակին,
Ակռէքըս կու գըցիմ ղօչի դըմակին.
Վո՛ւրըն կու խիղդիմ, վո՛ւրն էլ իմ քամակին
Մէմէկ, մէմէկ դիմաց սարըն շանց կու տամ»:

Սայաթ-Նովէն ասաց. «Յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտրիլ իմ, հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չօբնին կու գովիմ.
Մէ գամ էլա կաթնի համըն շանց կու տայ»:

 

Գելն ու չոբանը մեկ-մեկու դեմ ելան.
Չոբանն ասաց. «Ես քո հալը ցույց կտամ,
Քեզ բարով կգցեմ մահակիս տակը,
Աղվեսի պես կաղկանձելը ցույց կտամ»:

Գելն ասաց. «Համբերեմ` մթնի գետինը,
Գողունի ման գամ, գտնեմ քո տունը,
Հաջոցից չեմ խրտնի, կանտեսեմ շունը
Առավոտյան լավն ու վատը ցույց կտամ»:

Չոբանն ասաց. «Գիտե՞ս թե ճիշտ քո՞ւն ունեմ,
Մի աչքս ու ականջս քո կողմը ունեմ,
Ամեն խոյի գլխին մի-մի շուն ունեմ.
Վզիդ երկաթե աքցանը ցույց կտամ»:

Գելն ասաց. «Որ ամպը նստի ծմակին,
Ժանիքս կգցեմ խոյի դմակին,
Ո՛րը կխեղդեմ, ո՛րն էլ իմ քամակին
Մեկ առ մեկ դիմացի սարը ցույց կտամ»:

Սայաթ-Նովեն ասաց. «Ես կարմիր կով եմ,
Կովկիթս կոտրել եմ, հարսից խռով եմ,
Գելի հետ գործ չունեմ, չոբնին կգովեմ,
Գեթ մեկ անգամ կաթի համը ցույց կտա»:

Այս և հաջորդ խաղը հայտնաբերել է Սկանդար-Նովան /«Կովկասի լրաբեր», 1912, # 36/:  
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.