Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն Խաղեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ  ԱԿՆԱՐԿ

Սայաթնովագիտության զարգացման շուրջ 160-ամյա պատմության ընթացքում  դաժան վիճաբանությունների մեջ մեր գիտնական այրերը քիչ նիզակներ չեն կոտրել: Հենց սկզբից ասենք, որ չնայած հրատարակված բազմաթիվ ու բազմապիսի  աշխատություններին, նոր և արժանահավատ  տեսություններ և վարկածներ առաջադրող գիտնականներին կարելի է մատների վրա հաշվել (Գ. Ախվերդյան,  Գ. Ասատուր, Գ. Լեոնիձե, Լ. Մելիքսեթբեկ,  Ն. Աղբալյան, Գ. Լևոնյան, Մ. Հասրաթյան և այլն): Մնացած աշխատությունների ճնշող մեծամասնությունը հիշյալ հեղինակներից պարզ արտագրություններ են: Ինչպես Մուշեղ Իշխանն է դիպուկ նկատել.- «... աշուղի գործով զբաղվողներուն մեծ մասը բանասիրական և կենսագրական աշխատանք կը կատարե, յաճախ  ծամելով ու ծամծմելով նոյն բաները...»:

Եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ ոլորտում երբեմն-երբեմն ի հայտ են գալիս գիր ու գրականության հետ ընդհանրապես կապ չունեցող, մասամբ  գրագետ և կասկածելի հոգեկան ներաշխարհ ունեցող մարդիկ` իրենց արտառոց, աղանդավորական տեսություններով, մարդիկ, որոնք պնդերեսությամբ  ինչ-ինչ կարծիքներ են մուրում  իրենց համագյուղացի, գիտնականի խիղճն ու պատիվը կորցրած բուհական  կաշառակերներից և այդ կարծիքները  դրոշ սարքած ահաբեկում  են գիտական հաստատությունները և ԶԼՄ-ները, ապա պարզ կլինի, թե ինչպիսի վիճակում է հայագիտության կարևոր բնագավառներից մեկը` սայաթնովագիտությունը (դրանցից մեկը նույնիսկ Սայաթ-Նովայի տոհմածառն է գծել, որի բոլոր ճյուղերին ագռավի պես թառած  են իր ազգականները):

Պատմական այս կամ այն ժամանակահատվածում Սայաթ-Նովայի գրական ժառանգությամբ և կենսագրական հարցերով  զբաղվել են մեկ-երկու անհատներ: Այնինչ, արժանահավատ փաստեր ներկայացնելու համար սայաթնովագետը պետք է  տիրապետի առնվազն հետևյալ գիտելիքներին`
ա) վրացերեն լեզվին.
բ) օսման թուրքերենին և դրա բարբառներին.
գ) պարսկերեն և արաբերեն լեզուներին.
դ) քաջածանոթ լինի պարսիկ սուֆիների ստեղծագործություններին և սուֆիական դպրոցներին, որովհետև Սայաթ-Նովան պարսիկ սուֆիների հետևորդ է.
ե) քաջածանոթ լինի ինչպես Աստվածաշնչին և Սուրբ Գրոցը, այնպես էլ Ղուրանին և դրա սուֆիական մեկնություններին, որովհետև իր ստեղծագործություններում Սայաթ-Նովան առատ մեջբերումներ է անում դրանցից, իսկ որոշ տողեր ուղղակի սուֆիական բանաձևեր են (տես` կայքի «Սայաթ-Նովայի չվերծանված մի քառատան վերծանաման փորձ» հոդվածը.
զ) քաջածանոթ լինի ինչպես հայկական, այնպես էլ պարսկական և թուրքական աշուղական արվեստի բազմաբարդ ձևերին:

Դժվար է պատկերացնել մի անհատի, որը կմեկտեղի այս բոլոր գիտելիքները: Սայաթ-Նովայի պես համամարդկային արժեք ներկայացնող բանաստեղծի գրական ժառանգությունը լրջորեն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է պատրաստել երիտասարդ մասնագետների խումբ, որը կտիրապետի վերոհիշյալ գիտելիքներին: Առանց դրա, բոլոր հետազոտություններն էլ այս կամ այն չափով թերի կլինեն:

Այս` մեր կարծիքով անհրաժեշտ նախաբանից հետո փորձենք շարադրել Սայաթ-Նովայի կենսագրության այն դրվագները, որոնց վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի փաստեր կան, մի կողմ թողնելով տարբեր մարդկանց կողմից մոգոնված լեգենդները:

ԾՆՆԴՅԱՆ ԹՎԱԿԱՆԸ - Ըստ Սայաթ-Նովայի գրական ժառանգության առաջին ուսումնասիրող, լուսահոգի Գ. Ախվերդյանի հաշվարկների, Սայաթ-Նովան պետք է որ ծնված լինի 1712 թվին: Հ. Թումանյանը ևս կատարել է իր հաշվարկները, ըստ որոնց, Սայաթ-Նովայի ծննդյան թիվը 1713-ն է: Ըստ այդմ` Գ. Բաշինջաղյանի և Հ. Թումանյանի ջանքերով 1913 թվականին Թիֆլիսում մեծ շուքով նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը: Միջոցառման ժամանակ հնչում են Սայաթ-Նովայի երգերը, տպագրվում նրա հայերեն խաղերի մի էժանագին (ժողովրդին մատչելի) ժողովածու, Գ. Բաշինջաղյանի նախագծով ս. Գևորգ եկեղեցու հյուսիսային դռան աջ կողմում կառուցապատվում է Սայաթ-Նովայի գերեզմանը: Թումանյանական ավանդույթը պահպանել է ժամանակակից սայաթնովագիտության ռահվիրաներից մեկը` Մորուս Հասրաթյանը: Չնայած այն բանին, որ ականավոր գիտնականը իր հաշվարկներում նշում է այլ տարեթիվ (1717), սակայն վեր կանգնելով իր անձնական նկրտումներից, 1963թ. կազմակերպում և մեծ շուքով Երևանում, Թբիլիսիում, Բաքվում և Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՈ-ի մասնակցությամբ իրականացնում է բանաստեղծի ծննդյան 250-ամյա տոնախմբությունները:

Շրջանառության մեջ է նաև Սայաթ-Նովայի ծննդյան 1722թ. վարկածը: Զգուշացնում եմ, որ այս վարկածը որևէ գիտական հիմք չունի և մոգոնված է մեկ այլ կեղծիքի` արքայադուստր Աննա Բատոնաշվիլու և Սայաթ-Նովայի «սիրո» էժանագին վարկածը հաստատելու համար (այս մասին ավելի հանգամանորեն տես կայքում զետեղված մեր «Սայաթ-Նովայի սիրո առասպելը» հոդվածում):

Բանն այն է, որ Սայաթ-Նովան իր հայերեն խաղերից մեկում ունի այսպիսի տող. - «Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիտենաք»:

Քանի որ վրաց պատմագրությունից հայտնի է, որ Աննա Բատոնաշվիլին ծնվել է 1722 թվականին, մեր աննայասեր գիտնականները Սայաթ-Նովայի գրածներից ինչ-ինչ բառեր են առանձնացնում և դրանց տառերի թվային արժեքները տեղադրելով «ապացուցում են» իրենց կեղծ վարկածը:

Բարեկամներ: Սայաթ-Նովան իր բոլոր հայերեն խաղերը գրել է վրացերեն տառերով: Եթե տառերը վրացերեն են, իսկ բառերը հայերեն և կամ թուրք-պարսկական ծագում ունեն, այդ որ լեզվի այբուբենի թվային արժեքների հետ են ձեռնածություն անում մեր գիտնական այրերը` հայերե՞ն, վրացերե՞ն, թուրքերե՞ն, թե՞ պարսկերեն: Ինչպես տեսնում եք, այս կարգի «գիտական» մեկնաբանությունները գրոշի արժեք անգամ չունեն:

Հաջորդ «աղբյուրը», որում կենսագրական տվյալներ են որոնում մեր մասնագետները, Սայաթ-Նովայի թուրքերեն «Փառք Արարչին» խաղն է: Այդօրինակ խաղեր ունեն գրեթե բոլոր աշուղները, օրինակ` Ջիվանին, Սազային, Հավասին, և այլն: «Վուջութլամա» կամ «Ջավսաթլամա» (բազմիմաստ հյուսկեն) կոչվող այդ խաղերում աշուղը նկարագրում է մարդու կյանքը սաղմնավորման պահից մինչև 100 տարեկանը և պատմում, թե այս կամ այն տարիքում մարդը ինչպիսին է լինում և ինչ դեպքեր են կատարվում նրա հետ: Տվյալ աշուղի կենսագրության հետ դրանք որևէ կապ չունեն: Վերցնենք օրինակ` Ջիվանու համանման խաղը (Բնագիրը` տես Թ. Պողոսյանի «Աշուղ Ջիվանի. Անհայտ էջեր» Ե., 2009, էջ 380) և այնտեղ եղած այս կամ այն տարիքում մարդուն պատահած դեպքերը համեմատենք Ջիվանու իրական կենսագրության հետ: Ջիվանու օրինակը վերցրեցինք այն պարզ պատճառով, որ նրա կենսագրությունը մանրամասնորեն հայտնի է, քանի որ դրանով զբաղվել է այնպիսի քաջատեղյակ մեկը, ինչպիսին նրա որդին էր` հանճարեղ աշուղագետ Գարեգին Լևոնյանը: Հենց առաջին իսկ հայացքից կտեսնեք, որ Ջիվանու խաղում նկարագրված դեպքերը որևէ կապ չունեն Ջիվանու իրական կենսագրության հետ: Այդպիսի պատկեր է նաև մյուս աշուղների պարագայում և այդօրինակ խաղերում տվյալ աշուղի մասին ինչ-ինչ կենսագրական փաստեր որոնելը, եթե արտահայտվելու լինենք մեծն Սանչո Պանսայի ոճով, նույնն է ինչ փնտրել կատվի հինգերորդ ոտը և այն էլ անտակ ծովի խորքերում: Կարծում ենք, որ մեր պարտքն է պահպանել թումանյանական ավանդույթը (եթե անգամ նա 1-2 տարով սխալվել է) և Սայաթ-Նովայի ծննդյան թվականը համարել 1713 թվականը: Չէ որ Թումանյանի սխալներն անգամ պաշտելի են:

ՄԱՆԿՈՒԹՈՒՆԸ - Համաձայն ենք Մ. Հասրաթյանի այն վարկածին, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է իր մոր հայրենիքում` Լոռիում, ուր և Սանահինի նշանավոր դպրատանը ստացել է իր նախնական կրթությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թի‎ֆլիսի բարբառին գրեթե հավասար չափով առկա է Լոռվա բարբառը, իսկ թուրքերեն խաղերն ամբողջությամբ գրված են Լոռի-Բորչալուի օսման թուրքերենի «այրումլու» կոչված բարբառով:

Պահպանվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ, վրաց արքայազն Թեյմուրազի (1782-1846) հետևյալ հիշատակումը. «Այսպես, Սայաթ-Նովան Էրեկլե 2-րդի ժամանակ ճորտագրված էր Գեորգի 13-րդի մոտ ... Նա Վրաստանի հայերից էր - Գեորգի 13-ին պատկանող արքունական Սանահին գյուղից ...» (Գ.Լեոնիձեի «Սայաթ-Նովա» գրքից:)

ԱՆՈՒՆԸ – Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ և կամ Սայադենց – Սայադյանց: Նովա հավելվածով մենք ուրիշ աշուղներ էլ ունենք` Քիչիք-Նովա (փոքրիկ թոռ), Քեշիշ-Նովա (տերտերի թոռ), Սկանդար-Նովա (Ալեքսանդրի թոռ): Բանաստեղծի կրտսեր որդին` Օհանը Ս. Պետերբուրգում կրում էր Իվան Սեյադով անունը, իսկ ավագ որդու` Մելիքսեթի ժառանգները կրում էին իրենց տոհմական Սայադյան ազգանունը:

ԸՆՏԱՆԻՔԸ - Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը` հավլաբարցի (Հավլաբարն այն ժամանակներում Թի‎ֆլիսի մի արվարձանն էր): Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից (ձեռ. 4270) իմանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա:

Ամուսնացած է եղել լոռեցի` Մարմար անունով կնոջ հետ, որը Իգիհաթ գյուղի գյուղացի Շահվերդու աղջիկն է եղել: Վերը հիշատակված, Սայաթ-Նովայի տոհմածառը գծող զեղծարարը այդ Շահվերդու ծագումնաբանությունը տանում-հասցնում է իր հայրենի գյուղը, և օժտում նրան ինչ-ինչ իշխանական տիտղոսներով: Հիմա տեսնենք իրականությունը: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի լուսանցքներում և ազատ տեղերում, բանաստեղծի ավագ որդի Մելիքսեթը կատարել է տարբեր գրառումներ վրացերեն լեզվով: Ահա մեջբերում եմ դավթարի 61-րդ էջում նրա արած գրառման հայատառ դարձրած բնագիրը և դրա` իմ թարգմանությունը.

«Շենիս շգիրդի Մելքոաս օրիս թվլիս սանթլե բատոնո Շավերդի պապասի րա նաբավի (նապարավի) մովիդա շուտղոբինե» (Քո աշակերտ Մելքոն երկու մեղարամոմ թռցրեց բատոնո Շահվերդի պապիկից: Ի՞նչ ձեռաց գլխի ընկավ...): Ինչպես տեսնում ենք, այդ «տիտղոսավոր» Շահվերդին սովորական գյուղացի մարդ է եղել և ինչպես բոլոր գյուղացիները, ձեռից էլ պինդ: Սա էլ այսպես:

Սայաթ-Նովան ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Մելիքսեթի ժառանգը` տեր Մովսես Սայադյանը, Խ. Աբովյանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մեկը` Պ. Պռոշյանի կինը (պահպանվել է հարսանեկան լուսանկարը): Ասացինք, որ կնոջ անունը եղել է Մարմար: Թի‎ֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը պահպանվել է նրա շիրմաքարը վրացերեն հետևյալ մակագրությամբ « (Քրոնիկոնի 456 (1768թ.): Էս գերեզմանում կամ Սայաթ-Նովու կողակից Մարմարն: Ինձ ողորմի ասեք»:

ՍԵՐԸ - Գ. Ախվերդյանը, այնուհետ Սկանդար-Նովան Թի‎ֆլիսի ծերերին հարցուփորձ են արել այդ կապակցությամբ: Նրանցից ոչ մեկը Աննա անունը չի տվել, որովհետև այդպիսի բան չի եղել: Ծերունիներից մեկը միայն հիշել է, որ Սայաթ-Նովան «ուներ Տալիթա անունով մե սրտով սիրած աղջիկ», որին խաղեր էր նվիրում: Տալիթա-Դալիդա հունական անունը կարծես թե հաստատում է ինքը` Սայաթ-Նովան իր թուրքերեն խաղերից մեկում (տես սույն կայքի թուրք. 2 խաղը «Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու էք ռումի» (մի գովական հելենուհի ինձ դիվադադար արեց...): Ավելի մանրամասն տես կայքի «Սայաթ-Նովայի սիրո առասպելը» հոդվածում:

ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ - Բարեբախտաբար պահպանվել և Հ. Թումանյանի ծախսերով գնվել և Հայաստան է հասցվել Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիր ժողովածուն` «Դավթարը» (Ե. Չարենցի անվան ԳԱԹ, Սայաթ-Նովայի ‎ֆոնդ թիվ 1):

Դավթարն սկսվում է թուրքերեն խաղերով (թվով 108 ամբողջական և 8` թերի), որոնց մի մասը հայատառ են, մյուսը` վրացատառ: Դավթարի հայերեն խաղերը, բացառությամբ մեկի, բոլորն էլ վրացատառ են (այդ մի խաղի տառերի մի մասը հայերեն են, մյուսը` վրացերեն): Դավթարի առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի ժամանակ դավթարում եղել է հայերեն 47 խաղ: Հետագայում դավթարից 4 էջ կորել է (7 խաղ) և այժմ դավթարում կա 40 խաղ: Բարեբախտաբար Գ. Ախվերդյանը ժամանակին հրատարակել է այդ կորած խաղերի բնագրերը (օր. «Դուն էն գլխեն իմաստուն իս» խաղը): Դավթարի թվագրված ամենահին խաղը (1742) թուրքերեն «Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան» խաղն է (տես` թուրք. 18 խաղը) 1759 թվականից հետո դավթարում խաղեր չկան: Սայաթ-Նովան դավթարը հանձնում է վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցին (Իովանէ Պենտելանտ), որը դավթարի 140-րդ էջում վրացերեն չքնաղ ձեռագրով և իր կնիքով հաստատում է, որ դավթարի բոլոր խաղերը պատկանում են Սայաթ-Նովայի գրչին:

Սայաթ-Նովայի գրական ժառանգության մյուս սկզբնաղբյուրը նրա կրտսեր որդու` Օհանի գրած մի ժողովածուն է, որը նա գրել է վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով Ս. Պետերբուրգում 1823 թ.: Այդ ժողովածուի հայերեն բաժնում կան Սայաթ-Նովայից 8 խաղ, որոնք չկան նրա ինքնագիր դավթարում (տես հավելված Ա բաժինը): Որոշ թվով խաղեր պահպանվել են այլևայլ աղբյուրներում (թվով 13), որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը չենք երաշխավորում (տես հավելված Բ):

Սայաթ-Նովայի վրացերեն լեզվով գրած խաղերը մեզ են հասել հենց Օհանի գրած ժողովածուից: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում վրացերեն լեզվով գրված խաղեր չկան:

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է Սայաթ-Նովայի գրչագրած «Նարեկը» (ձեռ. 10338) և Սողոմոն Իմաստունի առակների և Երգ-Երգոցի գրչագրությունը (ձեռ. 4270):

ԱՇՈ՞ՒՂ, ԹԵ՞ ԲԱՆԱՍՏԵՂԾ - Այս անպտուղ վեճին հրաժարվում եմ մասնակցել, որովհետև նույնն է, ինչ խառնվել երկու հոգու վիճաբանությանը, որոնցից մեկը պնդում է, թե երկրագունդը քառակուսի է, իսկ մյուսը` գլանաձև:

Լավ աշուղները նաև լավ բանաստեղծ են (Ղուլ օղլի Երզնկացի, Նահապետ Քուչակ, Պաղտասար Դպիր, Նաղարշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Ջիվանի), իսկ վատ բանաստեղծները...: Ավելին, մեր շատ ճանաչված բանաստեղծներ բանաստեղծություններ են գրել աշուղական բազմաբարդ ձևերով (Ռ. Պատկանյան, Պ. Պռոշյան և այլն):

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ - Որոշ ժամանակ, ինչպես և իր նշանավոր նախնի Նաղարշ Հովնաթանը, Սայաթ-Նովան ծառայել է վրաց Հերակլ Բ թագավորի պալատում, ուր երգ-երաժշտությունից բացի, զբաղեցրել է նաև պալատական զվարճախոսի պաշտոնը: Այդ մասին ինքը Սայաթ-Նովան պատմել է ստորև հիշատակվող Իոնե Խելաշվիլուն, ինչպես նաև նշել է իր վրացերեն խաղերից մեկում («Խումարի վար, իցի՞ գանա» - ես զվարճախոս եմ գիտե՞ս արդյոք): Հարկ ենք համարում նշել, որ միջնադարում այդօրինակ պաշտոններ վարել են բազում ազնվական տիտղոսներով մարդիկ և դրա մեջ ամոթալի ոչինչ չկա: Իր կատակներով և զվարճախոսություններով հավանաբար չափն անցել է: Վրացերեն լեզվով մի շարք կալամբուրներ ունի, ուղղված վրաց Անտոն կաթողիկոսին, Վախտանգ արքայազնին, Մզեճաբուկ Օրբելիանիին և այլն, և այդ պատճառով հեռացվել է պալատից: Ահա թե ինչ է գրում այդ մասին բանաստեղծի որդին` Օհանը:

«Հիշատակված է, որ Սայաթ-Նովան իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժգոհության է արժանացել, և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ-Նովայից և հեռացրել պալատից, ասելով.- Էժան առած չկարծես»:

Սայաթ-Նովան իր վրացերեն խաղերից մեկում այդ դեպքի մասին գրում է.
- Ո՞ւմ մեղադրեմ ինչի՞ց եղավ,
Էս ամենն իմ խելքից եղավ:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ` ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ – Տարածված մի կեղծ կարծիք կա, որ Սայաթ-Նովային բռնի հոգևորական են կարգել Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով: Այս տեսակետը որևէ փաստարկով չի ապացուցվում, և մենք բազմիցս հերքել ենք այն թե եթերում և թե տպագիր հոդվածներում: Այն բոլշևիկյան մարտնչող աթեիզմի արգասիք է: Սայաթ-Նովան միշտ էլ կապ է ունեցել եկեղեցու հետ: Կարծում ենք, որ մանուկ հասակում իր հոր` Մահտեսի Կարապետի քաջալերանքով երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետև ստորին աստիճաններով ծառայել է եկեղեցում (հավանաբար դպիրի աստիճանով): Այդ է հաստատում վրաց Թեյմուրազ արքայազնի մի գրառումը. ...»Սա Սավաթնոմի ասած մուխամբազն է: Նա առաջ հայ տերտեր էր, հետո երբ վանական դարձավ, այն ժամանակ ասաց»: Հաջորդ փաստարկը Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի 24-րդ և 84-րդ էջերում գտնվող նրա կնոջ` Մարմարի գրառումներն են: 24-րդ էջի վրացերեն գրառումը հետևյալն է.

«Նետի ղմերթմա տեր Ստեփանաս շավիդոբիթ (շավի դղեեբի) միղվանիս մե: Էս դավթարի ծամիկիթխինիս մե, ամիսի արզի ար դարչես, դա չեմի թավի իմաս էմսախուրոս: (Երանի Աստված տեր Ստեփանոսին այս սև օրերին շուտափույտ ինձ հասցներ: Այս դավթարը կարդար ինձ համար, աղաչանքս (անօգուտ) չմնար ու իմ գլուխն էլ նրան ծառայեր) (թարգմանությունը իմն է. Ի.Ս.):

Ինչպես տեսնում եք, բանաստեղծի կինը նրան մեծարում է ոչ Սայաթ-Նովա և ոչ էլ Արութին անուններով, այլ` տեր Ստեփանոս հոգևորական անվամբ, որը և համընկնում է վրաց արքայազնի վերը ասածի հետ: Միջնադարում ընդունված սովորույթ էր թե Եվրոպայում և թե արևելքում, երբ հոգևորականն իր պաշտոնից ազատ ժամանակ զբաղվում էր որևէ արհեստով կամ երկրագործությամբ: Սայաթ-Նովան, լինելով օժտված անձնավորություն, իր ընտանիքը պահելու համար երգել է մեջլիսներում և խնջույքներում (ճիշտ այնպես, ինչպես Հ. Թումանյանն իր բազմանդամ ընտանիքը պահելու համար թամադայություն էր անում հարուստների հարսանիքներին):

Սայաթ-Նովայի թվագրված խաղերն ուսումնասիրելիս, ակնառու է դառնում, որ նա ստեղծագործել է մարտից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, այսինքն` Թի‎ֆլիսի քեֆ ու խնջույքների ժամանակ: Ձմռանը հավանաբար զբաղվել է ջուլհակությամբ (տես հայերեն 57 խաղի վերջին տողերը):

 
Սայաթ-Նովայի գերեզմանը
Սայաթ-Նովայի գերեզմանը Թբիլիսիի Ս.Գևորգ
եկեղեցու բակում

ՄԱՀԸ – Ըստ Գ. Ախվերդյանի` Սայաթ-Նովան Թի‎ֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից ներքինի Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ (1795թ.): Սակայն այդ ժամանակ Սայաթ-Նովան 80-82 տարեկան ծերունի էր և հազիվ թե այդ տարիքին հարիր լիներ նման ‎ֆիդայական կեցվածքը:

Վրաց աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի, ոմն աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թի‎ֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում և երկար զրույց է ունենում ծերունի Սայաթ-Նովայի հետ: Դեպքը կատարվել է 1800 թվականին, այսինքն Գ. Ախվերդյանի նշած տարեթվից 5 տարի անց:
Ահա այսքանը պաշտելի բանաստեղծի կենսագրության մասին: Ուրիշ փաստեր չկան:

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ – Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Կովկասի երեք մեծ ժողովուրդների լեզուներով գրված (հայերեն, վրացերեն և թուրքերեն) նրա ստեղծագործությունները բանաստեղծական արվեստի գլուխգործոցներ են: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա: Դրա պատճառները հետևյալն են.

ա) Սայաթ-Նովայի գրական դպրոցը պարսից հզորահզոր պոեզիան է, ճիշտ այնպես, ինչպես խորապես հայ նկարիչ Մ. Սարյանի դպրոցը` ռուսականն է: Այդ առթիվ Գ. Ախվերդյանը գրում է. «... Էսպես, զանազան բանաստեղծական ձևերու ու խաղի հանգերու իմանալու, պարսից երաժշտութեան մայր ու երկրորդական եղանակներու տեղեկանալու, ու սրանց յարմար ներդաշնակութէնով գործ ածելու համար քանի՛ ջան կու‏լի մաշել Սայաթ-Նովէն»: Սայաթ-Նովան յուրացնելով պարսկական պոեզիան, ուսումնասիրելով պարսից պոեզիայի սու‎ֆիական տարբեր ուղղությունները, կարողացավ դրանց մեջ վերագտնել և իր արմատներին վերադարձնել շուրջ 1500 տարի առաջ կորած մեր տոհմիկ, արիական պոեզիան: (Համեմատենք Սայաթ-Նովու բանաստեղծությունները Մ. Խորենացու փրկած մի քանի պատառիկների և Գ. Նարեկացու` հեթանոսական երգերի ոճով գրված տաղերի հետ «Սայլն այն իջաներ...» «Ես ձայն զառիւծուն ասեմ» և այլն):
բ) Սայաթ-Նովայի գրական ողջ ժառանգությունը տիպիկ քաղաքային պոեզիա է: Նման բան մենք չենք ունեցել ոչ իրենից առաջ և ոչ էլ` իրենից հետո:
գ) Խ. Աբովյանից շուրջ 100 տարի առաջ նա փորձ արեց ստեղծելու աշխարհաբար գրական լեզու` հիմք ունենալով Թի‎ֆլիսի և Լոռվա բարբառները:

Բարեկամներ: Միշտ էլ Սայաթ-Նովայի խաղերի բազմաբարդ լեզուն հասկանալու խնդիր է եղել և այդ խաղերը կարդացողը բառարանները նայելու անհրաժեշտություն է զգացել: Ոչ բոլորն ունեն բառարաններ և դրանցից օգտվելու հմտություն կամ ցանկություն: Մենք փորձել ենք դյուրացնել ձեր գործը և գրական արևելահայերենի ենք վերածել բանաստեղծի հայերեն գրական ժառանգությունը, ինչպես նաև հայերենի ենք թարգմանել որոշ թվով թուրքերեն խաղեր:

Աշխատելիս մի փառասիրական երազանք ենք փայփայել. եթե թեկուզ մեկ մարդու մոտ այս աշխատանքը սեր կառաջացնի անմահ Սայաթ-Նովայի գրական ժառանգության նկատմամբ, մենք լիուլի վարձատրված կզգանք բազում լուսացրած գիշերների համար: Ամեն:

Վերև verev
 
 
Copyright © 2011-2012 Sayat-Nova.am. All Rights Reserved.
Software price finder