Էսօր իմ եարին տեսայ :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
9. 9.
բնագիր
 
թարգմանություն

Էսօր իմ եարին տեսայ` բաղչի մէջըն ման գալով,
Գեդինըն զարդարվեցաւ իմ եարի օսկէ նալով.
Բըլբուլի պէս պըտուտ էկայ վարդի վըրայ` ձէն տալով,
Ջունուն էլաւ խիքըս գըլխէս, սիրտըս` տըխուր, աչքըս` լալով.
Յոյս ունիմ իմ Ստիղծողէմէն` միր դուշմանն ըլի էս հալով:

Եա~ր, էդ քու նազ ու ղամզով ջանըս փէլ ու փանդ իս արի,
Խըմիլ իս էշխով շարբաթըն` պըռօշնիրըդ ղանդ իս արի,
Խաթուխալով, քաղցըր լիզվով շատ ինձպէսին բանդ իս արի,
Տո՛ւր դանակըն, ինձի սպա՛նէ. մի՛ ասի` ռիշխանդ իս արի.
Չունքի մահըս եարիմէն է, թո՛ւղ'լի միռնիմ լաւ գօզալով:

Տարին տասնէրկու ամիս մազիրըդ հուսած կու'լի.
Պըռօշէմէդ միղր է կաթում, թուղնիս` եախէդ թաց կու'լի.
Գարնան շընչի [ծաղկի] նըման կարմիր վարդըդ բաց կու'լի.
Ի՞նչ օգուտ է քու բաղմընչուն` ղարիբ բըլբուլըն լաց կու'լի.
Մուրվաթ չունիս, պըտուտ գուքայ` բաղչի վըրայ ճըկճըկալով:

Յիփ քու սուրաթըն կու քաշին` նաղշումըն շընուք կու տաս.
Կու վըռվըռաս ճըրագի պէս` սաղչումըն շընուք կու տաս.
Մըշկով լիքըն բըրօլի պէս թաղչումըն շընուք կու տաս.
Բաց կու'լիս կարմիր վարդի պէս` բաղչումըն շընուք կու տաս.
Քամին դիբչի փօթլիդ մէջըն` հուտըդ գուքայ վըռվըռալով:

Յիս էլ ուրիշ եար չունիմ, էս գըլխէն վա՛ղ իմացի.
Ա՛նգաճ արա, մա՛տաղ իմ քիզ, էս խօսքըս սա՛ղ իմացի.
Մըտի՛կ արա քու Ստիղծողին` տուզ-նամագ-ա՛ղ իմացի.
Սայաթ-Նովին մի՛ ջըգրեցնի` էշխէմէդ տո՛ւսաղ իմացի.
Խիլքըս գըլխէմէս տարիլ իս քու, բէ՛մուրվաթ, գարդիշ տալով:

  Էսօր իմ յարին տեսա` պարտեզի մեջ ման գալով,
Գետինը զարդարվեցավ իմ յարի ոսկե նալով.
Բլբուլի պես պտույտ եկա վարդի շուրջը` ձայն տալով.
Խելքս գլխումս խաթարվեց, սիրտս` տխուր, աչքս` լալով,
Հույս ունեմ իմ Ստեղծողիցը` թշնամիս լինի էս հալով:

Յա~ր, էդ քո նազ ու խաղով հոգիս կախարդված ես արել,
Խմել ես սիրով շարբաթը` շուրթդ շաքարած* ես արել,
Լույս պատկերով, քաղցր լեզվով, ինձ պես շատին կապ ես արել,
Խփի՛ր դանակն ու ինձ սպանի՛ր. մի՛ ասա, թե ծաղր ես արել.
Քանզի մահս սիրուհուցս է, թո՛ղ որ մեռնեմ լավ գոզալով**:

Տարին տասներկու ամիս մազերդ հյուսած կըլնի.
Շուրթերիցդ մեղր է կաթում, թողնես` կուրծքդ թաց կըլնի.
Գարնանաշունչ ծաղկի նման կարմիր վարդդ բաց կըլնի.
Ի՞նչ օգուտ քո այգեպանին` թե խեղճ բլբուլը լաց կըլնի.
Դու խիղճ չունես, պտույտ կգա` այգու վրա գեղգեղալով:

Երբ վրձնում են քո պատկերը` նկարին շնորհք կտաս.
Հուրհրում ես ճրագի պես` բուրվառին շնորհք կտաս.
Մուշկով լիքը սրվակի պես, թարեքին շնորհք կտաս.
Բացվում ես կարմիր վարդի պես, պարտեզին շնորհք կտաս.
Քամին դիպչի ծաղկաթերթիդ` բույրդ կգա սաստկանալով:

Ես էլ ուրիշ յա՛ր չունեմ, ի սկզբա՛նե իմացիր.
Լավ լսի՛ր, քեզ մա՛տաղ լինեմ, խոսքս լրի՛վ իմացիր.
Հայացք գցի՛ր քո Ստեղծողին, անարատ ա՛ղ*** իմացիր.
Սայաթ-Նովին մի՛ բարկացնի` սիրուցդ գերի իմացիր.
Խելքս գլխիցս տարել ես, անգո՛ւթ, քո ճեմել-մանգալով:
Էսպէս լաւ մուխամմազ. Արութինի ասած:   * Բնագրի «ղանդը» շաքարի մի տեսակ է
** գոզալ – գեղաչյա, գեղեցկուհի
*** Բնագրի տուզ (թուրք.) նամագ (պրսկ.) բառերը աղ են նշանակում:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.