Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
15. 15.
բնագիր
 
թարգմանություն

Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն.
Ձեռնէմէս վիր կ'օծիմ չանգիրըն մէմէկ.
Չունքի ուշք ու միտքըս իրար շաղեցիր`
Փահմէս կու հիռացնիմ հանգիրըն մէմէկ:

Մէ դուգունըն էրկու դաղին ի՞նչ անէ,
Մէ նօքարըն էրկու աղին ի՞նչ անէ,
Մէ բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անէ,
Փէյվանդ գ'ուզէ թազա տընգիրըն մէմէկ:

Ղուրթ ին ասի փիր-ուստաքար-դադիրըն.
«Բաղ շինեցի, վարդըն քաղից վադիրըն».
Ջափէն յիս քաշեցի, սափէն` եադիրըն.
Ռաղիփէն էկաւ միզ էս ռանգիրըն մէմէկ:

Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ աշխարհիս մալըն.
Չիմ անի քալագըն, չիմ անի ղալըն.
Կու հագնիմ մազէղէն, կու հագնիմ շալըն.
Կ'էրթամ ու ման գուքամ վանքիրըն մէմէկ:

Բըլքամ մէ մարդ ռաստ գայ, վուր ինձ խըրատէ,
Գօ՛զալ, քու էշխէմէն սիրտըս ազատէ.
Կանց եօթըն իմաստնասիրացըն շատ է
Էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մէմէկ:

 

Առանց քեզ ի՞նչ կանեմ զրույցն ու սազը,
Ձեռքիցս վեր կածեմ չանգերը* մեկ-մեկ,
Քանզի ուշք ու միտքս իրար շաղեցիր`
Մտքիցս կվանեմ հանգերը մեկ-մեկ:

Մի խարանը երկու խոցին ի՞նչ անի,
Մի նոքարը երկու տիրոջն ի՞նչ անի,
Մի այգեպանն երկու բաղին ի՞նչ անի,
Պատվաստ կուզեն նորատունկերը մեկ-մեկ:

Ճիշտ են ասել հին իմաստուն ծերերը.
«Բաղ շինեցի, վարդը տարան վատերը».
Զրկանքը ես տարա, բերքը` օտարը,
Խառնակչից եկան է՛ս հոգսերը մեկ-մեկ:

Առանց քեզ ի՞նչ կանեմ աշխարհի ինչքը,
Աղմուկ չեմ անի ես, կթողնեմ վեճը,
Կհագնեմ մազեղեն, կհագնեմ շալը.
Կգնամ` ման կգամ վանքերը մեկ-մեկ:

Գուցե տեսնեմ մեկին, որ ինձ խրատե,
Գո՛զալ, քո սիրուցը սիրտս ազատե.
Յոթ իմաստունների** քաշածից շատ է
Սայաթ-Նովու գլխից անցածը մեկ-մեկ:



Կատարող՝ Արմենակ Տեր-Աբրահամյան
 

Ասմունքող՝ Ռուզաննա Հախնազարյան


Արութինի (ասած) եարանա. լաւ ղափիա: Այս խաղը Բանաստեղծը թարգմանել է նաև թուրքերեն (կամ հակառակը?)
* չանգեր – երաժշտական գործիքներ
** Յոթ իմաստասերներ - ըստ Ն. Աղբալյանի սրանք ոչ թե հունական յոթ փիլիսոփաներն են, այլ «Պատմություն կայսերն Փոնցիանոսի... և յոթ իմաստասիրացն» գրքի իմաստուններն են, գիրք, որ շատ տարածված է եղել Բանաստեղծի ապրած դարաշրջանում: Գրքի հերոսները`«Իմաստասերները» պատմում են իրենց գլխով անցածը, ուր կանայք երևում են որպես ստոր և նենգ արարածներ: Բնագրի «բանքերը» ոչ թե խոսքեր են նշանակում, այլ ապրած, քաշած նեղություններ: Տես` Ն. Աղբալյան, Ամբողջական երկեր, Հ 2, Սայաթ-Նովայի հետ, Պեյրութ, Մատենաշար «Համազգային», 1966, էջ 99-100:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.