Ահա, դրանից ելնելով մենք ձեռնմուխ եղանք այսօրվա գրական արևելահայերենի վերածելու Սայաթ-Նովայի հայերեն խաղերը: Կայքում զետեղված են Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում» եղած բոլոր հայերեն խաղերի բնագրերը (դավթարի հերթականությամբ) և զուգահեռ` դրանց գրական արևելահայերեն վերածումները: Ի դեպ, Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի բոլոր հայերեն խաղերը գրված են վրացերեն տառերով, իսկ թուրքերեն խաղերը, մասամբ հայատառ են, մասամբ` վրացատառ: Խաղերի Հավելված-1 բաժնում զետեղված են բանաստեղծի որդու` Օհանի Ս.Պետերբուրգում գրած մի ժողովածուում զետեղված խաղերը, որոնք չկան Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում»: Հավելված-2 բաժնում տրվում են այլևայլ աղբյուրներում պահպանված խաղերը, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը չենք երաշխավորում:
Այսպիսով կայքում կգտնեք Սայաթ-Նովայի թվով 68 խաղերի բնագրերը և դրանց գեղարվեստական վերածումները, ինչպես նաև Բանաստեղծի թուրքերեն լեզվով գրած 22 ընտիր խաղի հայատառ բնագրերը և դրանց, մեր կողմից կատարված գեղարվեստական թարգմանությունները, որոնց համար, որոշակի ուղղումներից հետո հիմք ենք ընդունել վաղամեռիկ արևելագետ Նիկոլայ Գևորգյանի կատարած տողացի թարգմանությունները:
Կայքում ունենք նաև բաժին, որտեղ զետեղված են նմուշներ Սայաթ-Նովայի խաղերի մեր թարգմանություններից, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանի ընթերցմամբ, ինչպես նաև ծանոթանալ մեր գրականացված խաղերի հիման վրա տաղանդաշատ գրող և թարգմանիչ Ռաֆայել Պապայանի կատարած 6 ընտիր խաղի ռուսերեն թարգմանություններին: Կայքում պարբերաբար կտեղադրվեն սայաթնովագիտության տարբեր խնդիրներին վերաբերվող, մեր կողմից կատարվող գիտական ուսումնասիրությունները:
Աշխատելիս օգտվել ենք դասական սայաթնովագիտության երախտավորների կազմած բառարաններից և այս կամ այն խաղի վերաբերյալ նրանց մեկնաբանություններից, ինչպես նաև թուրքերեն, օսմաներեն և վրացերեն բառարաններից: Երբեմն, այլոց մեկնաբանություններին համամիտ չլինելով, տվել ենք մեր մեկնաբանությունը, դրանց արժևորումը թողնելով Ձեզ:
Աշխատանքը ուղղված է երգիչներին, ասմունքողներին, ուսուցիչներին, ուսանողներին և ընթերցող լայն շրջանակներին: |