Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 

ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ

կամ սայաթնովապղծության մի դասական փորձի
և դրա հովանավորի մասին

Այս անդրադարձը պետք է գրեի շուրջ 1,5-2 տարի առաջ, երբ լույս տեսավ պրո‎ֆ. Սամվել Մուրադյանի հոդվածը, որում խոսվում է Նիկոլ Աղբալյան սայաթնովագետի մասին: Հետևելով մեր գրականագիտության "լավագույն" ավանդույթներին, հեղինակն իր բառերով վերաշարադրել է 1966թ. Բեյրութում տպագրված Ն. Աղբալյանի "Սայաթ-Նովայի հետ" գրքի` Մուշեղ Իշխանի գրած առաջաբանը և այդ իմաստով հիշյալ հոդվածը գիտական որևէ արժեք չունի: Հիշյալ հոդվածի տողամեջերում հարգարժան պրո‎ֆեսորը չի զլանում գովերգել իր մի ազգականի` սայաթնովագիտության ոլորտում կատարած "դարակազմիկ" հայտնագործությունները և փնովել այլոց` այդ թվում Ասլան Ասլանյանի և իմ կատարած գործը: Սկզբունքորեն համաձայն չլինելով Ա. Ասլանյանի կողմից առաջ քաշած շատ ու շատ դրույթներին, հարկ եմ համարում նշել սակայն, որ պր-ն Ասլանյանի ճկույթում ավելի շատ սայաթնովագիտություն կա, քան որոշ ծակ-պրո‎ֆեսորների բորբոսնած ուղեղում: Ինչ վերաբերում է սայաթնովագիտության բնագավառում իմ կատարած գործին, ապա իմ աշխատանքի մասին գնահատանքով և ջերմությամբ են արտահայտվել ոլորտի այնպիսի անվիճելի հեղինակություններ, ինչպիսիք են պրո‎ֆեսոր Թովմաս Պողոսյանը, աշուղագետ, բանաս. գիտ. դոկտոր Շավիղ Գրիգորյանը, միջնադարյան տաղերգության հրաշալի գիտակ և ընդհանրապես քայլող հանրագիտարան Դանիել Երաժիշտը, գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը, "Տկզար" համույթի հիմնադիր-ղեկավար Կառլեն Միրզոյանը, բազմաթիվ լուրջ գրականագետներ և երգիչ-կատարողներ:

Վերջերս ԳԱԱ-ում կարդացած իր զեկուցման մեջ պրո‎ֆ. Ս. Մուրադյանը թվարկելով սայաթնովագիտության երախտավորներին, չմոռացավ Մորուս Հասրաթյան սուրբ անունից անմիջապես հետո հիշատակել իր ազգական Լյուդվիգ Դուլյանի անունը (ընթերցողին խնդրում եմ չշփոթել տաղանդաշատ բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի հետ): Չնայած որ, ցավոք, վերոհիշյալ Լյուդվիգ Դուլյանը այժմ ոչ ևս է, սակայն սայաթնովագիտությունը հայագիտության այն կարևոր բնագավառներից է, որի շուրջ կատարած ցանկացած ուսումնասիրություն պիտի ստանա իր արժանի գնահատականը:

Եվ այսպես. Լյուդվիգ Դուլյանի` Շիրազի ոճով ասած "անմխիթար ստվարավեպերը" կարդացող ընթերցողը զարմանքով կիմանա, որ Սայաթ-Նովայի հոր անունը ոչ թե Կարապետ է, ինչպես նշել է ինքը` Սայաթ-Նովան, իր գրած մի կրոնական ժողովածուի հիշատակարանում (տես` Մատենադարան ձեռ. 4270) այլ` Ղուլ Հարություն Սալմաստեցի, որ Նաղաշ Հովնաթանը Սայաթ-Նովայի քեռին է եղել, որ Սայաթ-Նովայի խանդոտ կին Մարմարը թոնրում վառել է նրա Դավթարի կեսը և այլն և այլն: (Ի դեպ Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի 24-րդ և 84-րդ էջերում պահպանվել է այդ նույն "խանդոտ կին Մարմարի" վրացերեն լեզվով կատարած մի գրառումը, որում նա աղաչում է Աստծուն, որ Սայաթ-Նովան շուտափույթ գա իր մոտ, այս դավթարը կարդա իր և իր երեխաների համար և իր մեղավոր գլուխը նրա առաջ ծառա լինի ամեն):

Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարը թե՛ իր կենդանության օրոք և թե՛ մահից հետո սուրբ մասունքի պես է պահպանվել նրա ժառանգների կողմից, մինչև որ, ի վերջո, հանձնվել է Հովհ. Թումանյանին, որն էլ այն նվիրել է այժմյան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին (ԳԱԹ, Սայաթ-Նովայի ‎ֆոնդ, թիվ 1):

Լ. Դուլյանն իր գրքի առաջաբանում գրում է. "... թուրքերեն լեզվի իմ իմացության շնորհիվ է, որ ... բացահայտել եմ երգչի հոր, մոր և նրանց ծնողների աշխարհական և հոգևորական կյանքի մանրամասները...": Տեսնենք, թե թուրքերենի ինչպիսի գիտելիքներ է ունեցել Լ. Դուլյանը և ինչ բացահայտումներ են դրանք:

Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի 43-րդ էջում կա հայատառ թուրքերենով գրված հետևյալ քառատողը.

Ղըհար էթտի Մևլա՛մ, յարաթտի իսան
Յարաթտի նուր, Աթամի նուր, զանի նուր
Ղայա շեյթան օ իլանա գերիշտի
Եդուրդի նուր, մեյվադան նուր, դանի նուր:

Ստորև ներկայացնում եմ վերոհիշյալ տողերի` "փայլուն թուրքագետ" Լ. Դուլյանի "մեկնաբանությունը" նախապես ներողություն խնդրելով ընթերցողներից այս բարբաջանքի համար:

Եվ այսպես, Լ. Դուլյանը գրում է. "Սայաթ-Նովան հիշյալ տաղում հաղորդում է, որ երեք հոգով` հայրը, մայրը և ինքը եկան սիրածի հոր տուն` Շահվերդուց աղջկա ձեռքը խնդրելու, բայց մինչև տուն հասնելը, նրանք շուկայում հանդիպել են` օձի, "օձը" փոխաբերական իմաստով ակնարկել է իր սիրած հորը, որը հանդիսանում էր երգչի հակառակորդը, քանի որ նա չէր ցանկանում աղջիկը երգչին կնության տալ": (Լ. Դուլյան. Սայաթ-Նովա. Պ. Սևակ, հրատ., Ե. 2004, էջ 32-33):

Հարկ եմ համարում ընթերցողին ներկայացնել հիշյալ քառատողի ճշգրիտ տողացի թարգմանությունը, որ կատարել է վաղամեռիկ արևելագետ Ն. Գևորգյանը:

Տերը իր ուժը ցուցաբերեց, մարդ ստեղծեց,
Ստեղծեց լույս, Ադամին սուրբ, կնոջը սուրբ,
Չար սատանան օձի կերպարանք ընդունեց
Կերցրեց նուռ, նռան պտուղ, հատը նուռ 1:

Ինչպես տեսնում ենք, այստեղ որևէ գրողի տարած Ղուլ Հարությունի մասին և կամ շուկայում թափառող օձ-աներ պապայի մասին խոսք չկա և չի կարող լինել: Իսկ ինչու է Լ. Դուլյանը այդպես ամուր կառչել "Ղուլ" բառից: Շատ պարզ պատճառով: "Ղուլը" դարերի ընթացքում պիտի հնչունափոխվի, դառնա "Դուլ" և սա էլ "Դուլյան" և իսկապես էլ, գրքի վերջում կա Լ. Դուլյանի ձեռքով գծած Սայաթ-Նովայի տոհմածառը, որի բոլոր ճյուղերին Դուլյաններ են թառած:

Հարկ եմ համարում նշել, որ այդ տոհմածառ-տոնածառի գագաթամերձ ճյուղերից մեկն էլ հատկացված է հայտնի հեռուստալրագրող Արմեն Դուլյանին, որը, ի պատիվ իրեն, իմ լավ բարեկամ, լրագրող Արամ Աբրահամյանին ասել է, որ դեռ իր հայրն էր այդ մարդուն համարում զեղծարար ու շառլատան: Համոզված եմ, որ Դուլյան տոհմում կան բազմաթիվ հարգարժան մարդիկ և այս ամենն առաջին հերթին վարկաբեկիչ է հենց նրանց համար:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է շիրազագիտության ասպարեզում լուրջ ավանդ ունեցող պրո‎ֆեսոր Սամվել Մուրադյանը այդպես կրքոտ պաշտպանում այդ գրական աղբի հեղինակին: Ենթադրում եմ, որ ըստ երևույթին, նրան խոստացված է եղել տոհմածառի մի բարակ ճյուղ էլ տրամադրել իրեն և իր ազգականներին փեսայի կարգավիճակով: Պր-ն պրոֆեսոր: Ուզում եմ հիասթափեցնել Ձեզ: Ձեր նախնիներից և ոչ մեկը "Սայաթ-Նովայի խանդոտ կին Մարմարի" պատրաստած յոթ ձվով ձվածեղը չի կերել և Ձեր որդեգրած մեթոդը, այն է մարազմատիկ-գրա‎ֆոման Լ. Դուլյանի աշխատանքը գովազդելու համար սևացնել այլոց կատարած գործը, վայել չէ գիտնականին և դասախոսին և խորհուրդ կտայի, որ Ձեր` գյուղական թամադայի պերճախոսության վառոդը ծախսեիք Ձեզ համար ավելի մատչելի բնագավառում:

Իշխան Ստեփանյան
25.06.2012թ.
1. Իսլամական հավատալիքներում խնձորի փոխարեն նուռ է:
cank Հոդվածների ցանկ   Վերև verev
 
 
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.