Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
7. 7.
բնագիր
 
թարգմանություն

Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու.
Դու վարդ պըտռէ, յիս` գօզալին,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Ա՛րի բըլբո՛ւլ, խօ՛սի բարըն.
Օխնըվի քու էկած սարըն.
Քի վարդն էրից, ինձ` իմ եարըն.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու` վարդի հիդ, յիս` եարի հիդ.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ, խօսի, ձայնիդ ճանանչ իմ,
Դու վա~րդ կանչէ, յիս եա~ր կանչիմ.
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

Ղարիբ բըլբո՛ւլ, ձայնըդ մալում,
Յիս ու դուն էրվինք մէ հալում,
Սայաթ-Նովէն ասաց` զալո՛ւմ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու:

 

Ուստի՞ կուգաս, ղա՛րիբ բլբուլ*,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու,
Դու վարդ փնտրիր, ես` սիրունին,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:

Արի՛ բլբո՛ւլ, խօ՛սի բարն**,
Օրհնվի քո եկած սարն,
Քեզ վարդն այրեց, ինձ` իմ յարն,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:

Փնտրում եմ ես իմ պատկերին
Ոնց ղարիբ բլբուլը խարին***,
Դու վարդ տենչող, ես` իմ յարին,
Դու մի լացիր, ես եմ լալու:

Նոճիի նման կանաչ եմ,
Ե՛կ խոսիր, ձայնիդ ճանաչ եմ,
Դու վա~րդ կանչի, ես յա~ր կանչեմ,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:

Ղարիբ բլբո՛ւլ, ձայնդ մալում****,
Ես ու դու էրվենք մի հալում,
Սայաթ-Նովեն ասաց` զալո՛ւմ*****,
Դու մի՛ լացիր, ես եմ լալու:



Կատարող՝ Վարդուհի Խաչատրյան
  * Խաղը գրված է Ն. Հովնաթանի «Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ» երգի ազդեցությամբ
** Խոսի բարն - բարի խոսք ասա, իսկ գուցե և մրգահամ, անուշ խոսք ասա: Հ.Բախչինյանը դարձրել է բառըն, որը ընդունելի չէ:
*** Խար – այստեղ վարդի մակաբույծ միջատ է, որով սնվելու համար է սոխակը պտտվում վարդի շուրջը: Այս բառի վերաբերյալ մի զվարճալի ռեպլիկ ունի Հ. Թումանյանը` ուղղված Պ. Մակինցյանին, որը խար բառը թարգմանել էր «էշ»: Թումանյանը իր թումանյանական ոճով գրում է. «Ես ամենայն քաղաքավարությամբ խնդրում եմ պ. Մակինցյանին` իր էշը դուրս տանի Սայաթ-Նովի վարդերի միջից...» Եվ այնուհետև «...պ. Մակինցյանի էշը դուրս հանելուց հետո այժմ իմ վարդի բողոճը կամ որդը տեղավորեմ»
Տես` Հ. Թումանյան, Սայաթ-Նովա, Եր., Հայպետհրատ, 1949թ., էջ 29
**** Մալում - ծանոթ, ընկալելի, հասկանալի
***** Զալում - անգութ:
Արութինի ասած էրկու թասլիբ:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.