Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
44. 44.
բնագիր
 
թարգմանություն

Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ.
Ռանգըն վուր սիվադէն նընգնի` ալ անիլըն ինչի՞ն է շահ.
Մարդ վուր քու խօսքով միռանի` գալ անիլըն ինչի՞ն է շահ.
Պատանքին մէ ռանգն է հերիք` չալ անիլըն ինչի՞ն է շահ:

Մարդ պիտի թանգ հախ տայ, ա՛ռնէ խօսքիրըն փիր-ուստադէմէն.
Ռանգըն ռանգիրուն ծածկում է, հուջրէքըն լիքն է սադէմէն.
Թէգուզ զար-զարբաբ հագցընիս, վուր չըլի ասըլզադէմէն...
Սիվ արաբի ճակտի վըրայ խալ անիլըն ինչի՞ն է շահ:

Լաւ մարդն էն է` սի՛րով անէ բարի հրիշտակնիրու կամքըն.
Իմաստուննի՛րն էլ չըտեսան էս աշխարհի հուտն ու համքըն.
Չուրս գըլխանի ռաշի վըրէն աջալըն դըրիլ է թամքըն.
Աշխարհըս միզ մընալու չէ. մալ անիլըն ինչի՞ն է շահ:

Մէր ու մանուկ բաժանվեցան, մանուկն է՛նդուր ունի լալու.
Սատանէն մէ դամբ է դըրի` Աթամի զաթըն վուրսալու.
Շատըն սատանէն է տանում, վիրջըն մընում է վա~յ տալու.
Վուր չէ ուրնիելի նըման` կալ անիլըն ինչի՞ն է շահ:

Շուռ էրիտ չարխըն փալագըն, դօվլաթըն միզնից խըռով ա.
Ում հագին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թէ էս ո՞վ ա.
Եարովըդ մէկ մըհլամ չունիս, էնդուր գուլաս, Սա՛յաթ-Նովա.
Ջարէքըն դիղըդ չին գիդի` փալ անիլըն ինչի՞ն է շահ:

 

Անկիրթ մարդուն որ խոսեցնես, լռեցնելը ի՞նչին է շահ.
Գույնը, որ հենքիցը թափվի*, ալ անելը ի՞նչին է շահ.
Մարդ որ քո խոսքերից մեռնի` այցի գալը ի՞նչին է շահ.
Պատանքին մի գույնն էլ է բավ` չալ անելը ի՞նչին է շահ:

Մարդ պիտի թանկ գին տա առնի, խոսքերը իմաստուններից.
Մի գույնը մյուսին ծածկում է դարակների լիությունից.
Թեկուզեւ բեհեզ հագցնես, ի՞նչ շահ, թե չէ ազնիվ ցեղից...
Սեւ արաբի ճակտի վրա խալ անելը ի՞նչին է շահ:

Լավ մարդն էն է` սիրով անի բարի հրեշտակաց կամքը.
Իմաստուններն էլ չտեսան էս աշխարհի հոտ ու համքը.
Չորս գլխանի ձիու վրա մահը դրել է իր թամքը.
Աշխարհս մեզ չի մնալու. կուտակելը ի՞նչին է շահ:

Մայր ու մանուկ բաժանվեցին, մանուկն առիթ ունի լալու.
Սատանան մի ցանց է դրել` Ադամի զարմը որսալու.
Շատին սատանան է տանում, վերջը մնում է վա~յ տալու.
Որ չէ ուռնիելի** նման` կալ անելը ի՞նչին է շահ:

Բախտը շրջեց իր անիվը, փառքը մեզանից խռով ա.
Ում հագին հին շոր են տեսնում, էլ չեն ասում, թե էս ո՞վ ա.
Վերքիդ հարմար դարման չունես, ուստի կուլաս, Սա՛յաթ-Նովա.
Բուժողդ դեղդ չգիտի` հմայելը ի՞նչին է շահ:

Քրոնիկոնի 447-ին (1759):   * Հնում կրորեղենը ներկելիս նախ ներկում էին հենքային ներկով և ապա բուն ներկով: "Սըվա" թուրքերեն բառը հենց հենք (грунт) նշանակությունն ունի: Տողի իմաստն է` եթե հենքը ներկը չպահի և այն թափվի, ապա ներկել շարունակելը ի՞նչ իմաստ ունի:
** Ուռնիելի կալ - հրաժարվում ենք մեր մեջ բերած` Մ.Հասրաթյանի մեկնաբանությունից Աստվածաշնչյան Ոռնա Հեբուսացու կալի մասին: Ուռնիելի կալ Լոռվա Սանահինի տարածաշրջանում կոչվում է յայլաներում ուռենու ճյուղերից հյուսաց քողտիքների միջև ընկած ազատ հրապարակը, ուր երեկոները ուրախ ժամանցի համար հավաքվում էին սարվորները: Լոռիում այս արտահայտությունը օգտագործվում է մինչ օրս:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.