Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
37. 37.
բնագիր
 
թարգմանություն

Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարին բաբ մի՛ անի,
Էրազումըն տեսածի հիդ միզի մէ հէսաբ մի՛ անի,
Յիս խօմ է՛ն գըլխէն էրած իմ, նուրմէկանց քաբաբ մի՛ անի,
Թէվուր, գիդիմ, բէզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի:

Չըկայ քիզ պէս հուքմի-հէքիմ. դուն Ռօստոմի-Զալ` թաքա՛ւուր.
Ասկըդ ասկիրումըն գոված` հա՛մ դուն իս գօ՛զալ, թաքաւուր.
Թէ էսանց էլ սուչ ունենամ, գլուխըս ա՛րա տալ, թաքա՛ւուր.
Մըտի՛կ արա քու Ստիղծողին` նըհախ տիղ ղազաբ մի՛ անի:

Եարալուն հէքիմն է՛նդուր գ'ուզէ` դի՛ղ տալու է, ցա՛ւ տալու չէ.
Քանի գ'ուզէ արբաբ ըլի` ղուլըն աղին դաւ տալու չէ.
Դուն քու սիրտըն ի՛ստակ պահէ, եադի խօսքըն ավտալու չէ:
Աստձու սէրըն կանչողի պէս դըռնէմէդ ջուղաբ մի՛ անի:

Ամէն մարդ չի կանայ խըմի` իմ ջուրըն ո՛ւրիշ ջըրէն է.
Ամէն մարդ չի կանայ կարդայ` իմ գիրըն ո՛ւրիշ գըրէն է.
Բունիաթըս աւազ չիմանաս, քարափ է, քարուկըրէն է.
Սէլավի պէս առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:

Քանի գ'ուզէ քամին տանէ` ծովէմէն աւազ չի պակսի.
Թէգուզ ըլիմ, թէգուզ չըլիմ` մէջլիսնիրուն սազ չի պակսի.
Թէ կու պակսիմ, քի՛զ կու պակսիմ, աշխարհիս մէ մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի:

 

Դու է՛ն գլխեն իմաստուն ես, խելքդ հիմարին չափ մի՛ անի*,
Երազի մեջ տեսածի հետ դու մեզ համեմատ մի՛ անի,
Ես որ էն գլխեն վառված եմ, նորից նոր քաբաբ մի՛ անի,
Եթե, գիտեմ, շատ հոգնել ես, այլոց պատրվակ մի՛ անի:

Չկա քեզ պես իշխանավոր, դու Ռոստոմի-Զալ` միակս**,
Տոհմդ տոհմերի մեջ գոված` և դու ես չքնա՛ղ, միակս,
Թե ավելի մեղք ունենամ, տուր գլխատել ինձ, միակս.
Հայացք գցիր քո Ստեղծողին` անտեղի պատիժ մի՛ անի:

Վիրավորին բժիշկ է պետք` դե՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ.
Որքան էլ որ ճորտը տանջվի` իր տիրոջը դավ տալու չէ.
Դու քո սիրտը մա՛քուր պահիր, օտար խոսքն հավտալու չէ.
Մատաղի փող ժողվողի պես, ինձ քո դռնից դուրս մի՛ անի:

Ամեն մարդ չի կարող խմել` իմ ջուրը ո՛ւրիշ ջրեն է.
Ամեն մարդ չի կարող կարդալ` իմ գիրը ո՛ւրիշ գրեն է.
Հիմքս ավազից չիմանաս, քա՛րափ է, քա՛րուկրեն է.
Չցամաքող հեղեղի պես, դու իսկույն ավեր մի՛ անի:

Որքան էլ որ քամին տանի` ծովիցը ավազ չի պակսի.
Թեկուզ լինեմ, թե չլինեմ` մեջլիսներից սազ չի պակսի.
Եթե պակսեմ, քե՛զ կպակսեմ, աշխարհից մեկ մազ չի պակսի.
Սայաթ-Նովի գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի:



Կատարող՝ Շարա Տալյան
 

Ասմունքող՝ Ռուզաննա Հախնազարյան 

Էսպէս Արութինի ասած. քրոնիկնի 441-ին (1753): *Ն.Սղբալյանը հերքում է «սովետահայ» գիտնականների այն պնդումները, թե խաղը իբր վրաց թագավորին ուղղված սոցիալական բողոք է: Նա գտնում է, որ այն ուղղված է Բանաստեղծի սիրուհուն: «Թագավուր», «հուքմի-հեքիմ», «Ռոստոմի-Զալ» դիմելաձեւերը ամենեւին էլ չեն նշանակում, որ խաղը ինչ-որ տղամարդու է ուղղված: Այդպիսի բառերով Բանաստեղծը բազմիցս դիմում է կանանց այլ խաղերում: Ավելին` ըստ Ն.Աղբալյանի տղամարդուն երբեք չեն դիմի «գոզալ» մակդիրով, որ վիրավորական է: (տես Ն.Աղբալյան «Սայաթ-Նովայի հետ», Պեյրութ, 1966): Անվերապահորեն ընդունում ենք մեծ գրականագետի կարծիքը (Ի.Ս.):
** Բնագրի «թաքավուրը» - թաքս, միակս բառն է:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.