Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
29. 29.
բնագիր
 
թարգմանություն

Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիդենաք.
Ա~խ քաշելէն սըրտիս մէջըն արունըն մերած գիդենաք.
Գիշիր-ցերեկ եարի խաթրու ջիգարըս էրած գիդենաք.
Աչքըս` թաց, բերանըս` ցամաք, լիզուս հիդքերած գիդենաք:

Սիրտըս փուրումըս թուլացաւ անգալներու զախ անիլէն.
Ուշք ու միտքըս խառնըվեցաւ խուռըն-խուռըն խաղ հանիլէն,
Աչքէմէս ջուհարըն գընաց եարէն կարօտ ա~խ անիլէն.
Էլ ապրիլու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք:

Էրած-խորված ման իմ գալիս, մէ տիղ չըկայ մար ունենամ.
Լիզվով չիմ կանացի ասի, թէգուզ խօսքըս փար ունենամ.
Ափսուսալու հազար ափսուս, յիս էս ղադա դար անենամ.
Էշխէն ուշք ու միտքըս կապած, ինձ ջըրի տարած գիդենաք:

Սիրտըս փուրումըս սըգվուր է, ալ աչքիրըս լաց է անում.
Ծովըն նընգած ամբի նըման դօշս ու եախէս թաց է անում.
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս է՛լ խիստ բաց է անում.
Հալվեցայ, արնաքամ էլայ` եարէս հիդարած գիդենաք:

Ով տեսնում է, էս է ասում.«Վա~յ քու դարին, Սա՛յաթ-Նովա,
Համաշա քիզ պիտինք տեսնի` աչքըդ արի՞ն, Սա՛յաթ-Նովա,
Ինչո՞վ չէլաւ չըռաստ էկար մէ լաւ եարին, Սա՛յաթ-Նովա».
Ումբրըս էրազի պէս գընաց` ծառըս չըխերած գիդենաք:

 

Ինձ ու իմ սիրեցյալ յարին* նույն տարում ծնված գիտենաք.
Ա~խ քաշելուց սրտիս մեջը արյունը մերած գիտենաք.
Զօր ու գիշեր հանուն յարի իմ հոգին էրված գիտենաք.
Աչքերս` թաց, բերանս` չոր, լեզուս էլ քերված գիտենաք:

Սիրտս փորումս թուլացավ խարդախ մարդկանց դավ անելուց.
Ուշք ու միտքս իրար շաղվեց խառնիխուռն խաղ հանելուց,
Աչքերիս լույսը խավարեց յարին կարոտ ա~խ անելուց.
Էլ ապրելու հույս չունեմ ես, օրերս վատնած գիտենաք:

Էրված-վառված ման եմ գալիս, տեղ չկա դադար ունենամ.
Բառերով չեմ կարող ասել, թեկուզ խոսքս վառ ունենամ.
Ա՛փսոս, ավա~ղ, հազար ա՛փսոս, ես էսքան մեծ ցավ ունենամ.
Սիրուց ուշք ու միտքս շաղված, ինձ ջրի տարած գիտենաք:

Սիրտս փորումս սգվոր է, ալ աչքերս լաց է անում.
Ծովըն ընկած ամպի նման կուրծք ու օձիք թաց է անում.
Որքան էլ որ դեղ եմ դնում, խոցս է՛լ խիստ բաց է անում.
Հալվեցի, արնաքամ եղա` վերքերս բացված գիտենաք:

Ով տեսնում է, էս է ասում.«Վա~յ քո ցավին, Սա՛յաթ-Նովա,
Մի՞թե անվերջ պիտի տեսնենք աչքդ արյուն, Սա՛յաթ-Նովա,
Ո՞նց եղավ չպատահեցիր մի լավ յարին, Սա՛յաթ-Նովա».
Կյանքս երազի պես գնաց, ծառս չխերած** գիտենաք:

Էս էլ «Դիբա ու ենգիդունիայի» ձէնում, հանգն ղազալի. Արութինի ասած. քրոնիկոնի 447-ին (1759):   * Այստեղ «յար» բառը շփոթության մեջ է գցել գիտնականներին: Բանաստեղծը այստեղ «յար» անվանում է իր արվեստը, իր տաղանդը, որը տրված է իրեն ծնվելոը պահից «մէ տարի բերած գիտենաք»: Ճիշտ, ինչպես 65-րդ խաղում «ով կու հարցնե թե եար չունիս, խաղիրըդ եար, Սայաթ-Նովա»:
** չխերած - անբերրի, բերք չտված, ամուլ
 
 
prev poetry next
Copyright © 2011-2016 Sayat-Nova.am. All Rights Reserved.